ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսով քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2023 թվականի մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում, ինչպես նաև 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում համաձայնեցված սկզբունքների հիման վրա: Փաշինյանն անընդունելի է համարել այդ սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ»,– ասված է հաղորդագրությունում:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-Գերմանիա համագործակցությանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Փաշինյանը Շոլցին շնորհակալություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստան-Գերմանիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանն աջակցելու համար:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հոկտեմբերի 5-ին համատեղ հայտարարություն ընդունեցին Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո։ Ըստ հայտարարության` կողմերը հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29․800 քառ․ կմ) և Ադրբեջանի (86․600 քառ․ կմ) սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։