ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. 40 տարեկանում մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ Եվգենի Կունգուրովը։
Օպերային երգչի մարմինը հայտնաբերել են Մոսկվայի կենտրոնում՝ նրա տան մոտ։ Նախնական տվյալներով՝ նա ինքնասպանություն է գործել։
Արտիստն ինքնասպանության սպառնալիքով հաղորդագրություն է ուղարկել կնոջը, որն այդ պահին հեռու է եղել տնից։ Անհանգստացած կինը զանգել է փրկարարներին։ Կնոջը հաղորդագրություն ուղարկելուց հետո արտիստն այլևս կապի դուրս չի եկել։
Փրկարարները դեպքի վայր են հասել, երբ արտիստն արդեն մահացած է եղել։
Եվգենի Կունգուրովը ճանաչում է ձեռք բերել «Ձայնը», «Մեծ օպերա» հեռուստատեսային նախագծերին մասնակցելու շնորհիվ։ Նա նաև «Ռոմանսի ռոմանտիկան» հեռուստահաղորդման մշտական հաղորդավարն էր։
Վերջին տարիներին համագործակցում էր Կալինինգրադի մարզային երաժշտական թատրոնի հետ։ Կունգուրովը հասարակական-քաղաքական կյանքում ունեցած ակտիվ մասնակցության համար 2023 թվականի հունվարին շնորհակալական նամակ էր ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։