ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. «Կովերի պարտեզի» շուրջ ստեղծված հարցը պետք է կարգավորվի բացառապես տեղական և միջազգային օրենքների հիման վրա՝ առանց ուժ կիրառելու կամ ուժ կիրառելու սպառնալիքի։ Այս մասին հայտարարել է ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իսրայելցիները ապրիլի 3-ին ոստիկանության աջակցությամբ մուտք են գործել «Կովերի պարտեզ» և, առանց դատարանի որոշման ու նախազգուշացման, հեռացրել տեղադրված արգելապատնեշները։
«Բռնությունները պետք է դադարեցվեն, ինչպես նաև դրանց՝ Իսրայելի ոստիկանության մեղսակցությունը։ Իսրայելի կառավարությունը հստակ կեցվածքով և քայլելով պետք է հարգի Երուսաղեմի Հայոց պատրիարքության և հայ համայնքի իրավունքները»,- նշված է ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհդի հայտարարության մեջ։
Դաշնակցականները շեշտում են, որ Իսրայելի ոստիկանությունն իր քայլերով աջակցում է զինյալ վերաբնակիչների և խաբեությամբ ստորագրված պայմանագրի մյուս կողմի աշխատակիցների բռնություններին՝ խախտելով միջազգային և տեղական համապատասխան օրենքները։
Հայտարարությունում ընդգծվում է՝ Երուսաղեմի հայկական թաղամասի առնչությամբ հայկական իրավունքների հարցը վերաբերում է համայն հայությանը, հետևաբար այդ իրավունքները ոտնահարելու որևէ փորձ պետք է համայն հայության համարժեք վերաբերմունքին արժանանա։
Հիշեցնենք` Արևմտյան Երուսաղեմում հայկական պատրիարքությունը հասութաբեր կալվածքներ ունի, որտեղ մոտ 160 բիզնես կա, և վանքն այդ բիզնեսների եկամտով է ապրում։
2021թ․ հուլիսին Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը, պատրիարքարանի լուսարարապետ Սևան Ղարիբյանը և անշարժ գույքի վերակացու հայր պարետ Երիցյանը փաստաթուղթ էին ստորագրել պատրիարքարանին պատկանող հողատարածքը` «Կովերի պարտեզ» կալվածքը, 99 տարի ժամկետով ավստրալացի հրեա Դանի Ռուբինշտեյնին վարձակալության տալու մասին։ Գործարարը նախատեսում էր հյուրանոց կառուցել այդ տարածքում։ Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում այս գործարքի դեմ։
2023 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը որոշել է չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի համաձայնագիրը։ Այժմ դատական գործընթաց է ընթանում։