Երևանում 35–ամյա տղամարդն ընկել է կիսակառույց շենքի 7-րդ հարկից ու մահացել

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Այսօր՝ ապրիլի 9-ին, հերթական դժբախտ պատահարն է տեղի ունեցել երևանյան շինհրապարակներից մեկում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 11:55-ի սահմաններում 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 15 խումբը կանչով մեկնել է Մալխասյանց փողոցի 6/1 հասցե, որտեղ շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու դի»,–գրում է կայքքը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 11:40-ի սահմաններում նշված բազմաբնակարանային կիսակառույց շենքի 7-րդ հարկից աշխատակիցը, որը Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Հովհաննես Ա.-ն է, անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել:
Երևանի կիսակառույց շենքերից մեկի վերելակի հորանում տղամարդու դի է հայտնաբերվել
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել «շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածի հատկանիշներով:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: