Միրզոյանն ու Բուրիչը քննարկել են ՀՀ–ԵԽ գործընկերության հարցեր

Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Երևանում քննարկել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև գործընկերության հարցերը։ Հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի խորհրդի միջև կարևոր ու արդյունավետ համագործակցությունը՝ միտված օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ՀՀ կառավարության առաջնահերթյունների ու բարեփոխումների օրակարգի կյանքի կոչմանը»,– ասված է հաղորդագրությունում:
Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵԽ 2023-2026 թվականների Գործողությունների ծրագրի իրականացմանը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է նաև նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումից և ԼՂ էթնիկ զտումից հետո ԵԽ արագ արձագանքը, այդ թվում՝ նոր մարտահրավերների հասցեագրման նպատակով նշյալ ծրագրի հարմարեցման կարևորությունը։
Միրզոյանն ու Բուրիչը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի՝ հատկապես խոցելի խմբերի իրավունքների միջնաժամկետ ու երկարաժամկետ կարիքների հասցեագրման շուրջ։
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽ գլխավոր քարտուղարն անդրադարձել են Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին: Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունն ու ջանքերը՝ նշելով թշնամանքից զերծ մթնոլորտի ձևավորման, առանցքային հարցերում հստակ հանձնառության կարևորությունը:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու առանցքային հարցերի՝ տարածքային ամբողջականության ճանաչման վերահաստատման, սահմանների անքակտելության և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերում ՀՀ մոտեցումները: Արարատ Միրզոյանը շեշտել է գործընթացում 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին հավատարմության կարևորությունը:
Հիշեցնենք` Բուրիչը Հայաստան է ժամանել այսօր։ ՀՀ ԱԳՆ–ի մոտ նրան էին սպասում բողոքի ակցիայի մասնակիցները` ցույց տալու համար, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, «Յութուբով» հեռարձակվող «Իմնեմնիմի» հաղորդման համահեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը քաղբանտարկյալներ են։
Հավելենք, որ 2023–ի հոկտեմբերի 16–ին Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Բուրիչի հետ, քննարկել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: