ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հայաստանը պատասխանել է Խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Ըստ նրա՝ խոսքը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ առաջարկների 8-րդ խմբագրության մասին է։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
2023–ի հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2024–ի հունվարի 23–ին ասաց, որ Ադրբեջանին են ուղարկել խաղաղության պայմանագրի 7–րդ խմբագրումն ու սպասում են պատասխանի, իսկ փետրվարի 21–ին արդեն, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի պատասխան տարբերակը։