ՉԺՀ–ի հետ համագործակցությունը նոր մակարդակի պետք է բարձրացվի. Սերժ Սարգսյանը հոդված է գրել

Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահը շեշտել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից 32 տարի անց հայ և չին ժողովուրդները համանման մոտեցումներ ու տեսակետներ ունեն մարդկային զարգացման և միջազգային հարաբերությունների նոր համակարգի ձևավորման հարցերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Հասունացել է Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը նոր, ռազմավարական մակարդակի բարձրացնելու պահը, քանի որ երկու երկրները նման շահեր ունեն մի շարք միջազգային հարցերում։ Այս մասին գրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Հայաստանի և Չինաստանի ժողովուրդների ընդհանուր ճակատագիրը. դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32 տարի» հոդվածում, որը հրապարակվել է «Ժենմին Ժիաբոյում»։
Սարգսյանը նշել է` համամիտ է Չինաստանի ղեկավարի հետ, որ փոքր երկրների հետ հարաբերություններում մեծ երկրները պետք է արդարությունը վեր դասեն շահերից, հետևաբար համոզված է, որ մարդկության համար ընդհանուր ճակատագիր ունեցող համայնքի ստեղծումը և հավասար ու կանոնավոր բազմաբևեռ աշխարհի ձևավորումը բխում է առաջին հերթին փոքր ազգերի շահերից և միտված է վերականգնելու նրանց օրինական իրավունքները։
«Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից 32 տարի անց հայ և չին ժողովուրդները համանման մոտեցումներ ու տեսակետներ ունի մարդկային զարգացման և միջազգային հարաբերությունների նոր համակարգի ձևավորման հարցերում, ուստի կասկած չկա, որ առաջիկա տասնամյակներում մեր երկրներն ավելի սինխրոն կշարժվեն դեպի «Մարդկության ընդհանուր ճակատագրի համայնք» ձևավորելու նվիրական նպատակը»,- գրել է նախկին նախագահը։
Սարգսյանը հավելել է, որ ցավոք, հայ ժողովուրդը չկարողացավ խուսափել գոյություն ունեցող աշխարհակարգի փլուզման արդյունքում աշխարհում և տարածաշրջանում ուժերի փոփոխվող հավասարակշռության կործանարար հետևանքներից։
Ուստի տրամաբանական է, որ հայ ժողովուրդը համակիր է Չինաստանի նախաձեռնությանը՝ ձևավորելու ավելի արդար, ժողովրդավարական և համամարդկային արժեքների վրա հիմնված գլոբալ կառավարման համակարգ։
«Կասկածից վեր է, որ Չինաստանը շատ լավ հասկանում է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական իրողությունները, և պարզ է, որ Պեկինը շահագրգռված է մեր տարածաշրջանում խաղաղությանն ու զարգացմանը միտված միջազգային նախագծեր իրականացնելով, որոնք ուղղված չեն Հայաստանի մեկուսացմանը»,- նշել է 3-րդ նախագահը։
Սարգսյանը չափազանց կարևորել է «Հյուսիս-Հարավ» ծրագրի շրջանակներում Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության հարուստ փորձը, որը պետք է խթան դառնա տարածաշրջանում տրանսպորտային կապերի ամրապնդման` Չինաստանի ջանքերին նոր թափ հաղորդելու համար։
Նա ընդգծել է, որ և՛ Հայաստանի, և՛ շատ այլ երկրների համար աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների շահերի խաչմերուկում գտնվելը միաժամանակ և՛ մարտահրավեր է, և՛ հնարավորություն։ Երբ այդ կենտրոնները հակասության մեջ են, երբեմն անտեսվում են փոքր պետությունների շահերը: Ուստի Հայաստանի խնդիրը միշտ եղել է համագործակցության և շահերի համադրման միջոցով այդ մարտահրավերները հնարավորությունների վերածելը։
«Գտնվելով քաղաքակրթությունների բախման խաչմերուկում՝ մեր երկիրը միշտ ձգտել է կապել Հյուսիսն ու Հարավը, կամուրջներ կառուցել Արևելքի և Արևմուտքի միջև։ Հայաստանի լեռներում կղզի դառնալը երբեք մեր ցանկությունն ու նպատակը չի եղել։ Որպես ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ՝ մենք միաժամանակ կարողացանք շահագրգիռ մասնակցություն ապահովել չինական «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը, մյուս կողմից՝ առողջ հարաբերություններ կառուցել Արևմուտքի հետ՝ երբեք չհակադրելով դրանք այլ գերտերությունների շահերին»,- գրել է Սարգսյանը։
Նշենք, որ Չինաստանը Հայաստանի երրորդ խոշոր առևտրային գործընկերն է Ռուսաստանից և ԱՄԷ-ից հետո (2024թ. հունվար-փետրվար)։ Երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականին կազմել է 492 մլն դոլար։