ՀՀ–ն պատրաստ է ներդրումային միջավայրը բարելավել արևմտյան ընկերությունների ներգրավման համար

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում խոսել է նաև Երևան– Բաքու հարաբերությունների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հայաստանը պատրաստ է ներդրումային միջավայրը բարելավել եվրոպական և ամերիկյան ընկերությունների ներգրավելու համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարեց Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Նա հույս հայտնեց, որ արևմտյան գործընկերները կօգնեն Հայաստանին արդիականացնել ենթակառուցվածքները:
«Մենք վճռական ենք բարձրացնել Հայաստանի մասնավոր հատվածի մրցունակությունը նոր շուկաներ դուրս գալու համար։ Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները կաջակցեն մեզ Հայաստանի որակյալ ենթակառուցվածքների արդիականացման, գործարար ցանցերի կառուցման և առևտրին աջակցության հնարավոր սխեմաների ուսումնասիրման հարցում»,- ասաց ՀՀ վարչապետը։
Անդրադառնալով Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը ՝ Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը գործընթացին, որը հիմնված է միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի:
«Հայաստանը լիովին հավատարիմ է սահմանների դելիմիտացիայի գործընթացին և Ալմա Աթայի հռչակագրի շրջանակներում տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ ինքնիշխանության և իրավասության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա», - ասաց նա։
Փաշինյանն ընդգծեց, որ կարևորագույն հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի համար կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերն են։
«Մեր ընդհանուր ջանքերը պետք է ուղղվեն նրանց արժանապատիվ կյանքի ապահովման: Դրա համար անհրաժեշտ են տնտեսական ակտիվության և նրանց համար բնակարանային աջակցության ծրագրեր»,– հավելեց վարչապետը։
Հիշեցնենք` Փաշինյանը Բրյուսել է մեկնել ապրիլի 4-ին։ Այցի շրջանակում Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերի հետ։