ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի –Sputnik. Fitch Ratings գործակալությունը Թուրքիայում գնաճի միջին մակարդակը 2024 թվականին կանխատեսում է 58%, իսկ 2025 թվականին՝ 29%: Տեղեկությունը նշված է գործակալության մամուլի հաղորդագրության մեջ։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Թուրքիայում տարեկան գնաճը մարտին արագացել է մինչև 68,5 տոկոս՝ փետրվարի 67,07 տոկոսից, մինչդեռ ENAG անկախ փորձագիտական խումբն այն գնահատում է 124,63 տոկոս:
Մարտին Fitch-ը արտարժույթով Թուրքիայի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «Բ»- ից բարձրացրել էր մինչև «Բ+»՝ դրական փոփոխություններ կանխատեսելով: Գործակալությունն ընդգծում է, որ Թուրքիան, հավատարիմ մնալով մակրոտնտեսական քաղաքականության ճշգրտմանը և ավելի ավանդական ու հետևողական մեթոդներին անցնելուն, կդանդաղեցնի գնաճը:
Fitch-ը նաև նշում է, որ Պարսից ծոցի բանկերը, որոնք մասնաճյուղեր ունեն Թուրքիայում, կշահեն երկրի տնտեսական ճշգրտումներից: Գնաճի դանդաղումը կնվազեցնի իրենց թուրքական դուստր ձեռնարկությունների դրամական կորուստները, իսկ թուրքական լիրայի արժեզրկման դանդաղումը կնվազեցնի կապիտալի վրա բացասական ազդեցությունը:
2023 թվականին Պարսից ծոցի բանկերի թուրքական դուստր ձեռնարկությունների դրամական կորուստները կազմել են 2,6 միլիարդ դոլար։ Fitch-ը կանխատեսում է, որ այդ կորուստները 2024 թվականին կավելանան մինչև 2,8 միլիարդ, իսկ 2025 թվականին կկրճատվեն մինչև 1,4 միլիարդ՝ հաշվի առնելով գնաճի սպասվող դինամիկան: