ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Արագածոտնի մարզի Արագած գյուղում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` անհատ ձեռնարկատեր Խորեն Յուզբաշյանին պատկանող արտադրամասում սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ են հայտնաբերվել։
Պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ նյութերից, որոնք կարելի է լվանալ և ախտահանել, չի պահպանվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը, իսկ բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր։ Աշխատակիցները բժշկական զննություններ չեն անցել, չեն ունեցել սանիտարական գրքույկներ։
Ժամկետ է սահմանվել հայտնաբերված խախտումները վերացնելու համար։