Պետք է մտածողության ստանդարտ էլ սահմանվի. Փաշինյանը խոսեց կյանքի թանկացման մասին

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետն առաջարկեց ճշգրտել գնաճի նկատմամբ վերաբերմունքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանում պետք է մտածողության ու հասցեի ստանդարտ սահմանվի։
Մտածողության ստանդարտի մասին նա սկսեց խոսել կառավարության նիստի ժամանակ, երբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացնում էր 2024 թ. պետական ստանդարտացման ծրագիրը` նշելով, որ այս տարի շուրջ 39 ազգային ստանդարտ է մշակվել, որոնք կնպաստեն տեխնոլոգիական բազայի արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգացմանը (միայն 9 ստանդարտ վերաբերելու է կադաստրի ոլորտին)։
Վարչապետը կարծում է, որ ՀՀ կառավարությունը պետք է մարդկանց բացատրի իր գործողություների մոտիվացիան, որ հանկարծ մարդկանց մոտ այն տպավորությունը չստեղծվի` եթե մի բան թանկանում է, ուրեմն իշխանությունն ուզում է, որ նա վատ ապրի, ընդհակառակը։ Նրա խոսքով` եթե մարդկանց հետ չխոսեն, չբացատրեն, իշխանության ու մարդկանց միջև ընկալման ճեղք է առաջանալու։
«Եթե ջուրը կամ բադրիջանի որակը մեր նշած ստանդարտներին համապատասխան չլինի, ապա մեր արտադրողները դրանք չեն կարող արտահանել։ Ստացվում է` ապրանքները ստանդարտացնում ենք, որ արտահանենք, իսկ որ մեր ժողովուրդը խմում է մի ջուր, որի մեջ ֆոսֆորը մի քանի անգամ գերազանցում է, ոչինչ, ի՞նչ է եղել, թող մի հարյուր անգամ ավել լինի։ Այս խնդիրը չի հետաքրքրում, քանի որ ստանդարտացնել նշանակում է թանկացնել»,– հայտարարեց նա։
Այս համատեքստում Փաշինյանն առաջարկեց ճշգրտել վերաբերմունքը գնաճի նկատմամբ, քանի որ այն սահմանված շրջանակում տնտեսության զարգացման համար և՛ խթան է, և՛ նշան։
«Այն, որ մենք բոլորս հիմա այստեղ նստած ենք կոստյումով ու փողկապով, դա նույնպես ստանդարտ է։ Եվ դա իրականում բոլորիս կյանքը թանկացրել է, քանի որ հակառակ դեպքում մենք կարող էինք, օրինակ, գալ չստերով, սպարտիվկայով։ Եթե հանրությունը այս պատկերը հեռուստացույցով տեսներ, ի՞նչ կմտածեր։ Բայց երբ հանրությունը տեսնում է խոզի ջանդակը մայթին փռած վաճառում են, չի ասում` էս ի՞նչ եք անում։ Երբ մենք ստանդարտ ենք այստեղ կիրառում, ասում են` մսի գինը թանկացավ, իսկ իրականում լինում է խնայողություն այն ապագա ռիսկի, որ դու կթունավորվեիր, վերկենդանացման բաժանմունքում երեք օր կպառկեիր սիստեմաների տակ»,– նշեց նա։
Նա սահուն անցավ կրթության ստանդարտների թեմային` նշելով, որ այս մասին խոսելու փոխարեն կարևորում ենք դիպլոմի ստանդարտը` լամինացիա արած լինի՞, թե՞ ոչ։
Հիասթափված է նաև հենց իշխանական ընտրազանգվածը․ քաղտեխնոլոգը՝ Փաշինյանի վարկանիշի մասին
«Շատ դեպքերում, եթե երեխան դիմադրում է կրթության պրոցեսին, միգուցե դա տառաձևի կամ տառաչափի պատճառով է։ Արդյունքում կառավարությունները չեն անդրադառնում, խուսափում են այնպիսի թեմաների մասին խոսելուց, որոնք ոչ միայն կարող են դիմադրության արժանանալ, այլև վիրավորական հռետորիկայի, ընդհուպ բանը հասի հայհոյանքների։ Բոլորն էլ մարդ են, ոչ մեկ չի ցանկանում, որ դա տեղի ունենա իր հասցեին։ Եթե այսօրվա իշխանությունը չի ցանկանում այդ հայհոյանքը վերցնի իր վրա, վաղվա իշխանությունը` նույնպես, քանի որ հայհոյանքը աշխատանքի, գործի ինչ–որ հետևանք է, հարակից էֆեկտն է… Այդ դեպքում, բա, ո՞վ է անելու այդ աշխատանքը։ Սա հոգեբանական ու քաղաքական հարց է։ Իշխանությունը պետք է պատրաստ լինի որոշում կայացնել»,– նշեց վարչապետը։
Ըստ նրա` իրենց արած քայլերը ոչ միշտ են ընդունվելու ծափերով` մանավանդ սոցցանցերի` այսօրվա հիբրիդային բանաձևերի պարագայում։
«Մեզ երևի պետք է փորձել բեմական գործունեությամբ զբաղվել, սակայն դա էլ երբեմն հեշտ չէ. լոլիկներով ու ձվերով ընդունելու պրակտիկա այդտեղ էլ է լինում։ Մինչդեռ այստեղ է քաղաքական կամքն ու առաջնորդության փորձությունը` չբացառելով, որ իդեալական որոշումներ չկան։ Եթե լինեին միայն իդեալական որոշումներ, ապա ոչ մի բարդություն էլ չէր լինի, կլինեին միայն իդեալական որոշումներ ու կասեինք` ընդունում ենք կառավարության ոչ թե Ն06, այլ Ի որոշումը»,– ծիծաղեց Փաշինյանը։
Ըստ նրա` ցանկացած բարեկեցության թանկացում նշանակում է կյանքի թանկացում. հնարավոր չէ, որ քո կյանքը էժանանա, իսկ բարեկեցությունը թանկանա։
ՀՀ վարչապետը խոսեց նաև հասցեների ստանդարտի մասին։
«Ես մինչև հիմա չգիտեի, թե ինչի համար ենք մենք շտապօգնությանը դիմավորում. ինձ միշտ թվացել է, թե դա քաղաքավարությունից է, արարողակարգային տրամաբանության մեջ էի դա նայում։ Պարզվում է` մենք ընդամենը հասցեի ստանդարտ չունենք. դժվար է բացատրել, թե այս հասցեն որտեղ է գտնվում։ Անկեղծ եմ ասում` ինչքան էլ ամոթ է հնչում, ես առաջին անգամ եմ իմանում այդ մասին»,– անզուսպ սկսեց ծիծաղել Փաշինյանը։
Որպես հավելում և ստանդարտների թեմայի եզրափակում` ՀՀ էկոնոմիկայի նախարար Պապոյանը նշեց, որ զարգացած երկրներում անգամ կյանքի տևողություն է երկար լինում ստանդարտների շնորհիվ։