ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սեբաստիան Լեկորնյուն ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ցավակցություն է հայտնել 2024 թվականի մարտի 22-ին «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Միևնույն ժամանակ նա փորձել է համոզել իր ռուս գործընկերոջը, որ Ուկրաինան և արևմտյան երկրները ներգրավված չեն ահաբեկչության մեջ՝ հայտարարելով «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման ստանձնած պատասխանատվության մասին։
Շոյգուն իր հերթին ընդգծել է, որ «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված հետաքննությունը կավարտվի, և բոլոր մեղավորները կպատժվեն։ Նրա խոսքով՝ տեղեկություններ կան ուկրաինական հետքի մասին։
Նախարարներն անդրադարձել են նաև Ելիսեյան պալատից Ուկրաինա ֆրանսիական զորախումբ ուղարկելու մասին հայտարարություններին։ Այդ համատեքստում Սերգեյ Շոյգուն նշել է, որ եթե դրանք գործնականում իրականացվեն, ապա խնդիրներ կստեղծեն հենց Ֆրանսիայի համար։ Կողմերը նշել են Ուկրաինայի հարցով երկխոսության պատրաստակամությունը, մասնավորապես՝ «Ստամբուլի խաղաղության» նախաձեռնության համատեքստում։
Հավելենք, որ սա 2022 թվականի հոկտեմբերից մինչ օրս Ռուսաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների առաջին հեռախոսազրույցն է։