ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Արևմուտք-ՌԴ առճակատման պայմաններում Բրյուսելի հանդիպումը բերելու է այդ առճակատման սրման մեր տարածաշրջանում։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 5–ին Բրյուսելում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը։
«Իմ կարծիքով` ՀՀ ակնկալիքն այդ հանդիպումից պետք է լինի խնդրել ԵՄ–ին և ԱՄՆ–ին ռեալ օգնել ՀՀ սուվերեն տարածքը պահպանելուն, որ ազատ արձակվեն մեր գերիներն ու պատանդները, վերականգնվեն արցախահայության իրավունքները»,–ասաց Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով` ԵՄ–ն ու ԱՄՆ–ն էլ իրենց հերթին Հայաստանի կառավարչից պետք է պահանջեն, որ ՀՀ–ում հաստատվի իրական ժողովրդավարություն, քաղբանտարկյալներ չլինեն, իրական պայքար լինի կոռուպցիայի դեմ, ոչ թե ընտրողական ու ոչ իրավաչափ միջոցներով հաշվեհարդար տեսնեն։