ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Առաջիկայում աշխատանքից կազատվի ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը, որին կփոխարինի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի «կադրը»` վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիելյանը: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։
«Չնայած Արմեն Հայրապետյանի հեռանալը կձևակերպվի որպես պաշտոնանկություն «սեփական դիմումի համաձայն», սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ, նրան պարզապես «առաջարկել» են դիմում գրել ու լուռումունջ հեռանալ»,–գրում է օրաթերթը:
Նշվում է, որ Արմեն Դանիելյանը ժամանակին աշխատել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում՝ որպես վարչության պետ, սակայն, մեղմ ասած, ձախողվել է և ազատվել աշխատանքից:
Սակայն Արայիկ Հարությունյանի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետո վերջինիս օգնական Աշոտ Առուշանյանի միջնորդությամբ Արմեն Դանիելյանը վերադարձել է կառույց՝ արդեն որպես գրասենյակի ղեկավարի տեղակալ:
«Մեր զրուցակիցներից մեկը նշում էր, որ նա սկսել է իր ղեկավարի՝ Արթուր Ասոյանի «տակը փորել»՝ հույսով, որ ինքը կնշանակվի գրասենյակի ղեկավար: Ասոյանին, ի վերջո, 2022 թ. հոկտեմբերի 3-ից ազատել են աշխատանքից, որից հետո Դանիելյանը ավելի վաղ նշանակված տեղակալի առկայության պայմաններում եղել է ղեկավարի պաշտոնակատար, բայց գրասենյակի ղեկավար չի նշանակվել: Արդյունքում, ըստ մեր տեղեկությունների, նա սկսել է աշխատել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի դեմ՝ նույն հավակնություններով: Վերջինս աշխատանքից ազատվել է 2023 թ. հունվարի 27-ին»,–գրում է օրաթերթը:
Ընդգծվում է, որ չնայած Արայիկ Հարությունյանի ջանքերին, Նիկոլ Փաշինյանը Արմեն Դանիելյանի թեկնածությունը չի հաստատել, ինչից Հարությունյանը չափազանց վրդովված ու ընկճված է եղել: Այդուամենայնիվ, Դանիելյանը չի «հանձնվել» ու սկսել է աշխատել ՍԱՏՄ նորանշանակ ղեկավար Արմեն Հայրապետյանի դեմ: Հիմա Արայիկ Հարությունյանը վերջնական «հաջողության» է հասել, և առաջիկայում ՍԱՏՄ ղեկավար կնշանակվի իր «կադրը»՝ Արմեն Դանիելյանը:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։