ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում կոնսենսուսով ապրիլի 3-ին ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Երկու տարին մեկ ներկայացվող բանաձևը ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությունն է հրավիրում այս ոճրագործության կրկնության ռիսկերի և դրանք կանխելու անհրաժեշտության վրա: Բանաձևն անպատժելիությունը որակում է որպես ցեղասպանությունների, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների ռիսկի զգալի գործոն` ընդգծելով, որ այն պետք է հասցեագրվի հետաքննության, քրեական հետապնդման և պատժի միջոցով։
«Այս տարվա բանաձևի տեքստում, հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները, կարևոր դրույթներ են ավելացվել վաղ նախազգուշացման և ցեղասպանությունների հետ կապված ռիսկերի վերաբերյալ: Մասնավորապես նման ռիսկերի շարքում նշվում են զինված հակամարտությունների օգտագործումը ցեղասպանություն իրականացնելու նպատակով և որպես պատերազմ վարելու արգելված միջոց խաղաղ բնակչությունը սովի մատնելու անթույլատրելիությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Նախարարությունը հատկանշական է համարում այն փաստը, որ բանաձևը հատուկ նշում է Արդարադատության միջազգային դատարանի դերը ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի հարցերում:
Փաստաթղթով նախատեսվում է ՄԻԽ 58-րդ նստաշրջանում պանելային քննարկում անցկացնել վաղ նախազգուշացման թեմայով: Հայաստանի այս նախաձեռնությունը կարևոր ներդրումն է ցեղասպանությունների և զանգվածային ոճրագործությունների կանխարգելման միջազգային օրակարգն ամրապնդելու ուղղությամբ։
Նշվում է` կարևոր է նաև այն, որ Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը վայելում է լայն աջակցություն. այն համահեղինակում են բոլոր 5 տարածաշրջանային խմբերի անդամ հանդիսացող երկրները: