ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում տեղի ունեցած քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքներով քաղաքապետ է ընտրվել ծնունդով Հայաստանից Էլեն Ասատրյանը։ Այս մասին ասվում է «Արևելյան շրջանի առաջադեմ դեմոկրատներ»-ի (EAPD) կողմից տարածված հաղորդագրության մեջ:
«Ոչ մի կարևոր բան հեշտությամբ չի ստացվում: Այս հաղթանակը պահանջում էր թիմային աշխատանք և հաստատակամություն: Մենք շնորհակալություն ենք հայտնում խորհրդի անդամներ Արդի Քասախյանին և պաշտոնաթող քաղաքապետ Դեն Բրոտմանին ճիշտ վարվելու համար»,- ասել է Ասատրյանը։
Նշենք, որ դեռևս 2022 թվականին Էլեն Ասատրյանն ընտրվել էր Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ՝ ութ թեկնածուներից բաղկացած ընտրապայքարում զբաղեցնելով երկրորդ տեղը և դառնալով քաղաքի առաջին ներգաղթյալը, առաջին հայ և ամենաերիտասարդ կինը, որ ընտրվել է խորհրդի անդամ։
41-ամյա Էլեն Ասատրյանը ծնվել է Հայաստանում։ 10 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Գլենդել և սովորել Columbus տարրական, Toll միջնակարգ և Herbert Hoover ավագ դպրոցներում։