ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում վերլուծությունների և կամերալ ուսումնասիրությունների արդյունքում պետական բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 15,2 մլրդ դրամ հարկային պարտավորություն։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
«11,8 մլրդ դրամը կամ 78%-ը ճշտումներով, իսկ 3,3 մլրդ դրամն առաջադրվել է թեմատիկ ուսումնասիրության արդյունքում կազմված ակտերով»,- նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հաշվեգրվել է 21 տոկոսով ավելի գումար։
Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` հունվար-մարտ ամիսների ընթացքում իրականացվել է 160.4 մլն գործարք` 2921.3 մլրդ ՀՀ դրամ արժեքով։ Այս ցուցանիշը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքը 18.3 մլն գործարքով և 473.9 մլրդ դրամով:
Հարկ վճարողների կողմից փետրվարի համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը 725,051 է։ Նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշն այս արդյունքով գերազանցվում է 32,785-ով կամ 4.7%-ով: