ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը։
«Հարգանքի տուրք է մատուցվել 2016թ. ապրիլյան հաղթական պատերազմի ժամանակ զոհված հերոսների ու Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2016թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Առավել թեժ մարտեր ընթացան հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։ Քառօրյա մարտերի ընթացքում հայկական կողմն ավելի քան 100 զոհ տվեց: