Ավշար գյուղում «Միցուբիշին» 10-ամյա 2 աղջիկների է վրաերթի ենթարկել

Ըստ տեղեկությունների՝ 32-ամյա կինը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել․ նա ձերբակալված է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Այսօր ավտովթար ու վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզի Ավշար գյուղում։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 17։35-ի սահմաններում։
Արարատի մարզի 32-ամյա բնակիչ Անի Սիմոնյանն իր վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Խորենացի փողոցում կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենային։ Բախումից հետո մեքենան վրաերթի է ենթարկել 10-ամյա Հռիփսիմե Մ․-ին և 10-ամյա Անի Ա․-ին, որոնք վերադառնում էին դպրոցից։
Նրանք տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։ Այստեղ նրանցից մեկի վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր, մյուսինը՝ միջին ծանրության։ Կայքի տեղեկություններով՝ ԲԿ-ից երեխաներին ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Կայքը նաև գրում է, որ «Միցուբիշիի» վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։ Նրան ձերբակալել են։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ նա եղել է սթափ։