ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված և Բրիտանական թանգարանում պահվող բրոնզե գլուխն ու ձեռքը սեպտեմբերին Հայաստան կտեղափոխվեն՝ 6 ամսով ժամանակավոր ցուցադրության համար։ Սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ կիրականացվի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով մեծածավալ միջազգային ցուցադրությունը։ Այդ մասին հայտարարվել է այսօր Բրիտանական թանգարանից փոխառության պայմանագրի կնքման վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Բրիտանական թանգարանից փոխառության պայմանագրի կնքման վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսը
© Photo : official site of MESCS of RA
«Կարծում եմ՝ ցուցադրության խորագիրը ևս շատ կարևոր է: Հաճախ ենք խոսում կանանց դերի արժևորման մասին, և այս ցուցադրությունը լինելու է դրա պրակտիկ հնարավորությունը, որի միջոցով նաև անդրադառնալու ենք կանանց հանրային դերակատարման կարևորությանը: Այդ խոսակցությունը կարող է սկսվել պատմական ժամանակներից և շարունակվել մինչև մեր օրեր՝ այդկերպ նաև ոգեշնչելով մեր կանանց ու աղջիկներին՝ նրանց մոտ ձևավորելով համապատասխան վարքականոն: Խորհրդանշական է նաև, որ այս տարի մեր երկրի անկախության օրը կարող ենք նշանավորել այսպիսի կարևորագույն իրադարձությամբ»,- ասուլիսի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարարը։
Նշենք, որ Հայաստանի պատմության թանգարանը նախկինում համագործակցել է Բրիտանական թանգարանի հետ և իր հավաքածուները ժամանակավոր փոխառության տրամադրել տարբեր միջազգային ցուցահանդեսների շրջանակում: Հայաստանում, սակայն, այս հեղինակավոր թանգարանից առաջին անգամ են ցուցադրվելու նմուշներ։