ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. 2023 թվականին Ռուսաստանից արտաքսվել է մոտ 110 հազար օրինախախտ միգրանտ։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը ՆԳՆ կոլեգիայի ընդլայնված նիստում:
«Միջոցներ են ձեռնարկվել երկրի տարածքում ապօրինի գտնվող անձանց հեռացնելու ուղղությամբ։ Արտաքսվել և հետ է ուղարկվել գրեթե 110 հազար իրավախախտ։ Դա 65 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ», - ասել է նախարարը։
Ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ խոսքը 108,5 հազար օտարերկրյա քաղաքացիների մասին է:
Միևնույն ժամանակ Կոլոկոլցևը նշել է, որ 2023 թվականին Ռուսաստանում օտարերկրացիների կողմից կատարված քրեական իրավախախտումները նվազել են։
«Ընդհանուր առմամբ տարվա արդյունքներով արձանագրվել է օտարերկրացիների կողմից կատարված քրեական ոտնձգությունների, այդ թվում՝ սպանությունների 18%-ով, գողությունների՝ 14%-ով, կողոպուտների՝ 32%-ով, ավազակության 22%-ով նվազում», - ասել է Կոլոկոլցևը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության դիրքորոշումը սկզբունքային է. ժամանած մարդիկ պետք է հետևեն Ռուսաստանում գործող օրենքներին, ինչպես նաև հաշվի առնեն մշակութային և բարոյական արժեքները: