ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը կարծում է, որ Ադրբեջանում պահվող գերիները մինչ այժմ Հայաստան վերադարձվել են գործարքների արդյունքում։
«Ադրբեջանը ներկայացրել է ոչ օրինական պահանջներ, որոնք բավարարվել են Հայաստանի կողմից, և այս ֆոնին տեղի են ունեցել հայրենադարձումներ։ Այս է պատճառը, որ մենք կարծում ենք, որ Ադրբեջանում պահվող հայերը ոչ թե գերիներ կամ բանտարկյալներ են, այլ պատանդներ են, որոնք պահվում են Ադրբեջանի ձեռքում ՀՀ–ի վրա ճնշում գործադրելու և որոշակի քաղաքական պահանջների բավարարումը երաշխավորելու համար»,– հայտարարեց Սիրանույշ Սահակյանը ասուլիսի ժամանակ։
Նա հիշեցրեց, որ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում տարբեր կարգավիճակով 23 հայ է պահվում: Նրանց մի մասը զինվորական է և համարվում է ռազմագերի, կան նաև քաղաքացիական գերիներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներ, որոնք հետապնդվում են իրենց գործունեության համար, ուստի նրանց պետք է դիտարկել որպես քաղբանտարկյալներ։
«Կարծում եմ` բարձրաստիճան ղեկավարները կհայրենադարձվեն ամենավերջում, այն պահին, երբ Ադրբեջանը առավելագույնս` նեքաղաքական ու արտաքին քաղաքական նպատակներով, օգտագործած կլինի նրանց գործոնը»,– ասաց Սիրանուշ Սահակյանը։
Նա հավելեց, որ Արցախի նախկին ղեկավարներին Ադրբեջանը ներկայացնում է որպես հասարակ հանցագործներ` մի շարք մեղադրանքներով։
Սիրանուշ Սահակյանը հայտնեց նաև, որ այս պահին տեղեկատվություն չկա 2023 թվականի պատերազմի ընթացքում բռնի անհետացած գերիների մասին, բայց դեռ 44-օրյա պատերազմից շուրջ 80 դատական գործ կա։
«Ադրբեջանն այստեղ ունի մերժողական քաղաքականություն, Ադրբեջանը չի ցանկանում բացահայտել այդ դեպքերը և ապահովել ընտանիքների ճիշտ տեղեկատվություն ստանալու իրավունքը»,– ասում է իրավապաշտպանը:
Անհետ կորածների խնդիրը նույնպես այս պահին մնում է չլուծված։
Նա տեղեկացրեց նաև, որ ընդհանուր առմամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 210 գերի։