Դաղստանում ձերբակալված գրոհայինները ահաբեկչություն էին պատրաստում Կասպիյսկում. ՌԴ ԱԴԾ

Նրանցից մեկը խոստովանել է, որ ինքն է զենք տարել «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչություն իրականացնողներին։
Sputnik
Դաղստանում ձերբակալվել են գրոհայիններ, որոնք մասնակցել են «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչություն կատարողների ֆինանսավորմանը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ–ն։
Մարտի 31-ի առավոտյան Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել էր, որ հատուկ ջոկատայիններն ահաբեկիչներին արգելափակել են Մախաչկալայի և Կասպիյսկի բնակելի թաղամասերի բնակարաններում: Սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ: Ավելի ուշ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է ահաբեկչական ուղղվածության հանցագործություններ ծրագրած 3 հանցագործի ձերբակալության մասին:
Նրանք նաև ահաբեկչություն էին ծրագրավորել Դաղստանի Կասպիյսկ քաղաքում։
«ՌԴ ԱԴԾ-ն 2024 թվականի մարտի 31-ին Դաղստանում կանխել է ահաբեկչական բջջի գործունեությունը, որը բաղկացած է 4 օտարերկրյա քաղաքացուց, որոնք Կասպիյսկում ահաբեկչական գործողություն էին նախապատրաստել մարդկանց զանգվածային բնակության վայրերում։ Հանցագործները տեղանքի հետախուզություն են իրականացրել, ինքնաշեն պայթուցիկ սարք են պատրաստել և ինքնաձիգ ձեռք բերել»,– ասված է հաղորդագրության մեջ։
Կասպիյսկի ահաբեկչությունից անմիջապես հետո օտարերկրացիները մտադիր էին հեռանալ Ռուսաստանի տարածքից։
Ահաբեկիչներին հայտնաբերել են «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո անվտանգության միջոցառումների ուժեղացման շրջանակներում։ Նախօրեին վաղ առավոտյան ԱԴԾ հատուկ ջոկատայինները նրանց ձերբակալել էին Կասպիյսկում։
Նրանցից մեկը խոստովանել է, որ ինքն է զենք տարել «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչություն իրականացնողներին. զենքը Մախաչկալայից բերել են Միտիշչի։ Ձերբակալվածները նաև գումար են փոխանցել ահաբեկչություն իրականացնողներին։