Ամրոցի համալիր Ախթամիր հուշարձանի տարածքում ենթադրաբար գանձագողերը վնասել են դամբանախցերը

«Ամրոցի համալիր Ախթամիր» հուշարձանի տարածքում
Հուշարձանի տարածքում սա գանձախուզության առաջին դեպքը չէ, 2020 թվականին 3 տասնյակ դեպքերով հուշարձանի պահապանները ոստիկանություն են դիմել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում ապօրինի հողաքանդման հերթական դեպքն է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մամուլի ծառայությունը։
«Հողաքանդման հետևանքով հայտնաբերվել են 6 քարե ֆալոսատիպ կոթող, որոնք նախնական թվագրվում են մ․թ․ա երկրորդ հզ․-ի երկրորդ կեսով»,- տեղեկացնում են ՊՈԱԿ-ից։
Հողաքանդման աշխատանքների հետևանքով վնասվել են հիմնահողային դամբանախցերը, հողը լցվել է վերգետնյա մյուս կառույցների վրա։
«Ամրոցի համալիր Ախթամիր» հուշարձանի տարածքում
Նշվում է, որ տեղի ունեցածը բացահայտել են Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում։
ՊՈԱԿ-ը դիմել է նախարարություն՝ վնասված հուշարձանի տարածքում մաքրման, հետազոտման աշխատանքներ իրականացնելու նպատակով։
Նյութեր են նախապատրաստվում ՀՀ ՆԳՆ ոստիկանություն դիմելու և կատարվածին իրավական գնահատական տալու, դեպքը բացահայտելու համար։
Հավելենք, որ սա այս հուշարձանի տարածքում գանձագողերի «հարձակման» առաջին դեպքը չէ։ 2020 թվականին ևս Ոսկեվազ համայնքում գտնվող «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում՝ միջնաբերդի հյուիսարևմտյան հատվածում, անհայտ անձը կամ անձինք գանձախուզության, գանձագողության նպատակով վնասել էին հուշարձանի մշակութային շերտը, փորել այն, տեղաշարժել գերեզմանաքարերը։ 2020-ին գրեթե 3 տասնյակ գանձախուզության, գանձագողության դեպքեր են այստեղ արձանագրվել։ Նախորդ տարի ևս Ախթամիրի տարածքում գանձախուզության հերթական դեպքն էր գրանցվել։
Ախթամիր հուշարձանի ամբողջ տարածքը մոտ 60 հա է, թվագրվում է մ․թ․ա․ 3-րդ հազարամյակից մինչև 19-րդ դար։