Սրբությամբ կլվամ ձեռքերն իմ և սեղանիդ շուրջը կնստեմ, Տե՛ր․ Փաշինյանը կրկին սաղմոս կարդաց

Վարչապետը սաղմոսն ավարտեց Սուրբ հարության տոնին ընդունված ողջույնի խոսքով` «Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ հարության ճրագալույցին հերթական անգամ սաղմոսով ուղերձ հղեց հայ ժողովրդին։ Այս անգամ նա ընթերցում է 25-րդ սաղմոսը։
«Դա՛տ արա ինձ, Տե՛ր, քանզի անբասիր ընթացա, հույսս դրի Տիրոջ վրա, որ չլինեմ տկար։ Փորձի՛ր ինձ, Տե՛ր, և քննի՛ր ինձ, փորձի՛ր երիկամներս ու սիրտս։ Ողորմությունդ, Տե՛ր, աչքիս առջև է, և ճշմարտությունդ հաճելի է ինձ։ Ունայնամիտների աթոռին ես չեմ նստի և անօրենների մոտ ես չեմ գնա։ Չարագործների ամբոխը ես ատեցի և ամբարիշտների կողքին չեմ բազմի։ Սրբությամբ կլվամ ձեռքերն իմ և սեղանիդ շուրջը կնստեմ, Տե՛ր. թող լսեմ քո օրհնության ձայնը և պատմեմ քո բոլոր հրաշքները։ Տե՛ր, սիրեցի քո տան վայելչությունը և քո փառքի բնակության վայրը։ Մի՛ կործանիր ինձ ամբարիշտների հետ և ոչ էլ կյանքս՝ արյունահեղների հետ, որոնց ձեռքերն անօրենության մեջ են, և աջը նրանց լի է կաշառքով։ Ես անբասիր ընթացա, փրկի՛ր ինձ, Տե՛ր, և ողորմի՛ր ինձ։ Ոտքն իմ ուղիղ ճանապարհների վրա թող լինի, մեծ հավաքներում քեզ պիտի օրհնեմ»։
Թագավորը հույսը դնում է Տիրոջ վրա. Փաշինյանը Սուրբ ծննդի կապակցությամբ կրկին սաղմոս կարդաց
Նա սաղմոսն ավարտեց Սուրբ հարության տոնին ընդունված ողջույնի խոսքով` «Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։
Հիշեցնենք, որ արդեն 3-րդ տարին անընդմեջ Փաշինյանը սաղմոսներ է կարդում Սուրբ ծննդի և Սուրբ Զատիկի առիթով։