ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. ՌԻԱ Նովոստին հայտնաբերել է կրիպտո դրամապանակ, որից կարող էին օգտվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչության պատվիրատուները և կատարողները։ Դրա միջոցով փոխանցվել է գումարի կեսը, որը խոստացել էին ահաբեկիչներին համերգասրահի վրա հարձակման դեպքում։
Դրամապանակի հասցեն տեղադրվել էր «Խորասանի ձայնի» («Իսլամական պետության» աֆղանական թևը) հետ կապված տելեգրամյան ալիքում։
Вероятный криптокошелек-посредник в теракте в "Крокусе"
© Photo : РИА Новости
Գործակալությունը, ուսումնասիրելով համացանցում հասանելի փոխանցումների տվյալները, պարզել է, որ Tronscan հարթակում դրամապանակի հասցեն առաջին անգամ հայտնվել է մարտի 12-ին ծայրահեղական ուղղվածության տելեգրամյան ալիքներից մեկի գրառման մեջ, որի ադիմինիստրատորը Mavlavi_56 օգտատերն է։ Նա էլ վարում է «Խորասանի ձայնը» տելեգրամյան ալիքը։
Հաջորդ օրը՝ մարտի 13-ին, դրամապանակն ակտիվացել է․ որպես առաջին փոխանցում՝ այնտեղ ստացվել է 2,19 դոլարին համարժեք տոկեն։
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հաղորդել է աղբյուրը, այժմ ջնջված «Խորասանի ձայնը» ալիքն օգտագործվել է «Կրոկուսում» ահաբեկչությունն իրականացնողներին հավաքագրելու համար։
Մարտի 22-ին՝ ահաբեկչության օրը, Մոսկվայի ժամանակով 17։24-ին վերոհիշյալ տելեգրամյան ալիքում հայտնվել է «Խորասանի ձայնը» ալիքում քարոզի հղում և դրա տակ գրոհայինի լուսանկար՝ փակ դեմքով և ուսին գնդացիրով։ Tronscan հարթակում դրամապանակում նույն օրը նկատվել է ակտիվության աճ․ ստացվել և գրեթե միանգամից փոխանցվել են տոկեններ։ Ընդհանուր առմամբ եղել է չորս դրամական մուտք և ելք՝ 325, 550, 550 և 1100 դոլար։
Եթե գումարենք բոլոր չորս փոխանցումները, կստացվի 2525 դոլար կամ շուրջ 232 հազար ռուբլի։
Մեղադրյալ Ֆարիդուն Շամսիդինը ձերբակալումից հետո ասել է, որ ահաբեկչության համար խոստացել են կես միլիոն ռուբլի և քարտին փոխանցել են հենց դրա կեսը։ Ահաբեկչության հաջորդ օրն այդ կրիպտո դրամապանակով գործողություններ չեն իրականացվել։
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Տուժածների թիվը հասել է 360–ի (այդ թվում` 11 երեխա), զոհերինը` 144–ի։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրանք, ինչպես նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող Իսրայել, Դիլովար և Ամինչոն Իսլոմովները կալանավորվել են մինչև մայիսի 22-ը։
Տաջիկստանում ուժայինները 9 մարդու են ձերբակալել «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչություն իրականացնողների հետ կապեր ունենալու համար: