ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Թուրքական հավակնությունները շարունակում են սպառնալիք ներկայացնել Ռուսաստանի համար, և ռուսական ղեկավարությունը հաշվի է առնում բոլոր հնարավոր ռիսկերն ու սցենարները։ Այս մասին հայտարարել է ռուս քաղաքագետ Մաքսիմ Վասկովը Երևանում Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կազմակերպած խորհրդաժողովում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանում հիշում են Թուրքիայի նեոօսմանյան քաղաքական նախագծի մասին։
«Կան պահեր, երբ մենք բարդ հարաբերությունների մեջ ենք, բայց կա նաև տնտեսական փոխգործակցություն։ Մենք հիանալի տեսնում ենք, թե ինչ սպառնալիք է կրում թուրքական էքսպանսիան, և մենք չենք մոռանում, որ Թուրքիան շարունակում է ՆԱՏՕ-ի անդամ մնալ, Ղրիմը չի ճանաչում որպես ռուսական»,-հավելել է նա։
Վասկովը մտավախություն ունի, որ ներկայիս պայմաններում Թուրքիան կձգտի Հայաստանն իր քաղաքական վերահսկողության տակ վերցնել, ինչը հայկական պետության համար հղի է ամենատարբեր բացասական սցենարներով:
Քաղաքագետը հակված չէ կարծել, որ Ադրբեջանում Անկարայի դիրքերի ամրապնդումը Մոսկվայում հանգիստ է ընկալվում։
Իհարկե, Ռուսաստանը չի կարող Ադրբեջանին ստիպել հրաժարվել Թուրքիայի և ՆԱՏՕ-ի հետ ռազմական նախագծերից, սակայն ռուս զինվորականները հաշվի են առնում բոլոր վտանգներն ու ռիսկերը: