ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Լեհաստանն ու նրա դաշնակիցները օդ են բարձրացրել ինքնաթիռները՝ որպես պատճառ նշելով «ՌԴ հեռավոր ավիացիայի ակտիվությունը»։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Լեհաստանի Զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։
«Զգուշացնում ենք, որ լեհական օդային տարածքում գործում են լեհական և դաշնակիցների ինքնաթիռները, ինչը կարող է հանգեցնել աղմուկի մակարդակի բարձրացման, հատկապես երկրի հարավ-արևելյան հատվածում։ Այս գիշեր (մարտի 29՝ խմբ.) նկատվում է Ռուսաստանի Դաշնության հեռահար ավիացիայի ակտիվացում»,-ասվում է X-ում (նախկին Twitter-ում) հրամանատարության հաղորդագրության մեջ։
Լեհաստանի զինված ուժերը վերջին երկու շաբաթվա ընթացքում բազմիցս ձեռնարկել են այդ միջոցառումը։ Մարտի 24-ին լեհական բանակի օպերատիվ հրամանատարությունը հայտնել էր նույն օրվա վաղ առավոտյան Ուկրաինայի հետ սահմանին երկրի օդային տարածքի խախտման մասին: Ըստ նրա վարկածի՝ օբյեկտը Լեհաստանի օդային տարածք ներխուժել էր Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Լյուբլին վոյեվոդության Օսերդուվ բնակավայրի շրջանում և լքել այն 39 վայրկյան անց: Իր հայտարարության մեջ հրամանատարությունը պնդում էր, որ խոսքը ռուսական թևավոր հրթիռի մասին է։ Այդ հայտարարություններն ապացուցող փաստեր չեն ներկայացվել։