Կոպիտ խախտումներ «Վանաձոր» ՔԿՀ–ում. 17 ծառայողի նկատմամբ կարգապահական տույժեր են կիրառվել

ՔԿՀ ծառայողները հայտնել են, որ խախտումները թույլ են տվել հիմնարկի նախկին պետի և նրա նախկին տեղակալի անմիջական գիտությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ծառայողները ներքին կանոնակարգի բազմաթիվ կոպիտ խախտումներ են թույլ տվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։
«Պարզվել է, որ հիշյալ ՔԿՀ գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող 17 ծառայող թույլ է տվել ներքին կանոնակարգի բազմաթիվ կոպիտ խախտումներ։ Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի համապատասխան որոշումներով նրանցից 15-ի նկատմամբ կիրառվել են «Խիստ նկատողություն», իսկ 2-ի նկատմամբ՝ «Նկատողություն» տեսակի կարգապահական տույժեր»,– ասված է հաղորդագրությունում։
ՔԿՀ ծառայողները բացատրություններ են տվել ու ասել, որ արձանագրված խախտումները թույլ են տվել ՔԿՀ նախկին պետի և նրա նախկին տեղակալի անմիջական գիտությամբ։ Վերջիններիս նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ չեն կիրառվել, քանի որ նրանք ծառայողական քննության ընթացքում իրենց դիմումների համաձայն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։
Հիշեցնենք, որ «Վանաձոր» ՔԿՀ–ի պետ, արդարադատության գնդապետ Մանուկ Պողոսյանը մարտի 13-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից և առհասարակ ծառայությունից։