ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը մինչև մայիսի 22-ը կալանավորել է «Կրոկուս Սիթի Հոլ»–ի ահաբեկչության գործով 9-րդ մեղադրյալին` Նազրիմադ Լուտֆուլոիին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Դատարանի տվյալներով՝ 24-ամյա Լուտֆուլոին ծնունդով Տաջիկստանից է, ապրել է «Շչելկովսկայա» մետրոյի մոտակայքում գտնվող հանրակացարանում:
Հետաքննության վարկածով՝ նա մասնակցել է ահաբեկիչների ֆինանսավորմանը։
Ոստիկանները Լուտֆուլոիին ձերբակալել են մարտի 23-ի երեկոյան «Կրոկուսի» շենքի մոտ։ Նրան խնդրել են ցույց տալ փաստաթղթերը, բայց տղամարդը պատասխանել է հայհոյանքներով և հակաիրավական գործողությունները դադարեցնելու պահանջներին չի արձագանքել: Այն ժամանակ Մոսկվայի Պրեոբրաժենսկի դատարանը նրան 15 օրով կալանավորել էր մանր խուլիգանության համար։
Մոսկվայի Բասմանի դատարանը մեկ շաբաթում կալանավորել է ութ մեղադրյալի։ Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կազմում մահվան պատճառ դարձած ահաբեկչություն կատարելու համար։ Այս հոդվածը ցմահ ազատազրկում է նախատեսում։
Տաջիկստանում ուժայինները 9 մարդու են ձերբակալել «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչություն իրականացնողների հետ կապեր ունենալու համար:
Քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ ահաբեկչության զոհ է դարձել 144 մարդ, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ տուժել է ավելի քան 150 մարդ: