ԼՂ–ից բռնի տեղահանված շուրջ 2000 անձ ՀՀ–ում անցել է աշխատանքի. նախարար

Ժաննա Անդրեասյանն էլ հայտնեց, որ ԼՂ–ից բռնի տեղահանված 320–ից ավելի ուսուցիչ այսօր արդեն իսկ աշխատում է մարզային դպրոցներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ–ում գործող միասնական սոցիալական ծառայության տարածքային գրասենյակներում ԼՂ–ից բռնի տեղահանված 4 387 անձ գրանցվել է որպես գործազուրկ, նրանցից գործատուների մոտ ուղղորդվել են 2 292 մարդ, որոնցից էլ շուրջ 2000–ն արդեն իսկ անցել է աշխատանքի։ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Ինչ վերաբերում է աշխատանքի անցնելու համար խրախուսման ծրագրին, որը մեկ ամիս է, ինչ մեկնարկել է, նախատեսված է եղել մոտ 1000 մարդու համար, սակայն 370 անձ արդեն իսկ ընդգրկվել է ծրագրում»,– ավելացրեց նախարարը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին նշեց, որ ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչներին մարզային դպրոցներ գործուղելու և արտամրցութային կարգով աշխատանքով ապահովելու ծրագիրն արդեն 320–ից ավելի շահառու ունի, որոնք բոլորն էլ արդեն տեղավորվել են աշխատանքի։
«Ընդհանուր առմամբ` այս ծրագրից դուրս ՀՀ դպրոցներում աշխատանքի տեղավորված ուսուցիչների թիվը շուրջ 500 է»,– ասաց նա։
Անդրադառնալով հանրակրթական դպրոցներում և բուհերում ԼՂ–ից բռնի տեղահանված երեխաների և ուսանողների կրթությանը կազմակերպմանը` Անդրեասյանը նշեց, որ երեխաների ճնշող մեծամասնությունը` շուրջ 17 հազար, արդեն դպրոցներում են։
40+10 հազար ծրագրում կներառվեն նաև 2020 թ. հետո Արցախից տեղահանվածները
«Միգրացիոն ծառայության հետ մենք անհրաժեշտ ճշտումներն ենք արել, որպեսզի հասկանանք այն շրջանակը, որ դեռևս կարող է կրթության կազմակերպման խնդիր ունենա»,– տեղեկացրեց Անդրեասյանը։
Նա վստահեցրեց, որ ամբողջությամբ կարողացել են հոգալ նաև բուհերի ու քոլեջների ուսանողների կրթության կազմակերպման հարցը, արդեն իսկ փոխհատուցվել է նրանց ուսումնական տարվա առաջին կիսամյակի վարձը։