ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik․ Վաշինգտոնը համաձայն չէ Ադրբեջանի հայտարարությունների հետ, թե ապրիլի 5-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը կարող է հանգեցնել էսկալացիայի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն առաջիկա հանդիպման վերաբերյալ հայտարարել էր, որ ԵՄ-ի, Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ խորհրդաժողովը ակնհայտորեն միակողմանի է և կողմնակալ, հիմնված է երկակի ստանդարտների վրա, նոր բաժանարար գծեր է ստեղծում տարածաշրջանում: Ադրբեջանական գերատեսչությունում հավելել են, որ նման հանդիպումները կարող են ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։
«Ես ակնհայտորեն համաձայն չեմ այդ մեկնաբանությունների հետ։ Այս հանդիպման առանցքում տնտեսական կայունությունն է, որը կօգնի Հայաստանին դիվերսիֆիկացնել առևտրային գործընկերությունը և բավարարել մարդասիրական կարիքները: Ես չեմ հասկանում, թե ինչու դա կարող է հանգեցնել էսկալացիայի կամ անհանգստություն առաջացնել աշխարհի որևէ երկրի համար»,- ասել Է Միլլերը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հանդիպումը միտված է խորացնելու Հայաստանի փոխգործակցությունը Եվրոպական Միության և Միացյալ Նահանգների հետ: