ՀՀ–ն միշտ էլ ձգտել ու գնացել է եվրոպական արժեհամակարգի ուղղությամբ. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը դեռ շատ բաներ պետք է համապատասխանեցնի եվրոպական ստանդարտներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համոզված է, որ Հայաստանը միշտ էլ հարել է եվրոպական արժեհամակարգին, պարզապես շեղել են այդ ուղուց։ Նա այդ մասին հայտարարեց Հանրային հեռուստաընկերության եթերում։
«Հայաստանը միշտ էլ ձգտել ու գնացել է եվրոպական արժեհամակարգի ուղղությամբ, մինչև որ սեպտեմբերի 2-ին (2013թ–ի այս օրը Հայաստանը միացավ ԵԱՏՄ–ին) չբռնեցին ու չներքաշեցին մեզ այլ համակարգի մեջ»,– ասաց նա։
Սիմոնյանի կարծիքով` այս պահին պետք է ճիշտ կազմակերպել այդ ուղղությամբ գնալու գործընթացքը։
«Չենք կարող դիմում գրել ու ասել` բարև ձեզ, եկել ենք։ Պետք է շատ բաներ համապատասխանեցնեք եվրոպական ստանդարտներին, որպեսզի մեր հարևանների նման տարիներ շարունակ թեկնածուի կարգավիճակում չմնանք»,– ասաց նա։
ԱԺ խոսնակը վստահ է` Հայաստանի համար ամենացանկալի ու ամենաճիշտ տարբերակը եվրոպական ուղղությունն է։
ՀՀ–ն պատրաստվո՞ւմ է ԵՄ անդամության հայտ ներկայացնել․ արտգործնախարարի պատասխանը
Հիշեցնենք` Եվրախորհրդարանը մարտի 13-ին ընդունեց մի բանաձև, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամության թեկնածություն տրամադրելու հնարավորությունը։ Փաստաթղթի հեղինակը Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունն է։
Փաստաթղթում նշվում է, որ եթե Հայաստանը շահագրգռված է թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում և շարունակելու է կայուն բարեփոխումների ուղին՝ ամրապնդելով իր ժողովրդավարությունը, ապա դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերությունների փոխակերպման փուլի համար: Եվրախորհրդարանի պատգամավորները դիմել են ԵՄ առաջնորդներին՝ կոչ անելով ակտիվորեն աջակցել Հայաստանին: