ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ իշխանությունն ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը։ Այս մասին հայտարարել է ՀՅԴ բյուրոն։
Ըստ հայտարարության` Արցախի իրավունքների բարձրացման և հետապնդման բացառիկ լիազորություն ունեն Արցախի ժողովրդի կողմից ընտրված պետական մարմինները։ Իսկ այդ մարմինները վարկաբեկելը և նրանց գործունեությունը խոչընդոտելը նշանակում է հրաժարվել այդ իրավունքներից։
«Արցախի կարգավիճակի և արցախահայերի հավաքական վերադարձի իրավունքի հարցերը հայության օրակարգում են և մինչև չլուծվեն այդ հարցերը, չի կարող լինել արժանապատիվ և իրական խաղաղություն»,– ընդգծում է ՀՅԴ–ն։
Հայտարարությունում ասվում է նաև, որ վերջին շաբաթների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա վարչակազմը ևս մեկ անգամ ցնցեցին Հայաստանը՝ բացահայտելով իրենց հերթական միակողմանի զիջումների պատրաստակամությունը։
«Այս անգամ հերթը Տավուշի մարզինն է։ ՀՀ ներկա իշխանության վարած ազգակործան քաղաքականության հետևանքով թշնամուն են հանձնվում ռազմավարական նշանակության տարածքներ, ինչը առաջացնելու է անվտանգային լրջագույն սպառնալիքներ»,– նշվում է հայտարարությունում։
ՀՅԴ–ն համոզված է, որ Հայաստանում և սփյուռքում գործող ազգային ուժերի համախմբումը` հայկական պետականության փրկության օրակարգով, հրատապ անհրաժեշտություն է։