ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik․ Բաքվում պնդում են, թե Ֆրանսիան իր հատուկ ծառայությունների միջոցով լրտեսական ցանց է ձևավորում ՝ գործելով ի վնաս Ադրբեջանի ազգային անվտանգության։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը։
«Տարածաշրջանում խաղաղության պահպանման փոխարեն Ֆրանսիան զենք-զինամթերք է մատակարարում Հայաստանին։ Ֆրանսիան դրանով չի սահմանափակվում, իր նպատակին հասնելու համար հատուկ ծառայության ներկայացուցիչների միջոցով գաղտնի համագործակցության մեջ ներգրավում է տարբեր անձանց, ձևավորում է լրտեսական ցանց, գործում է ի վնաս Ադրբեջանի ազգային անվտանգության»,- ասել է Նագիևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը բացահայտել է դա՝ անհապաղ և օպերատիվ համարժեք քայլեր ձեռնարկելով:
Նագիևը նաև մեղադրել է Փարիզին, թե Երևանին դրդում է հերթական պատերազմի՝ փորձելով իրագործել Հարավային Կովկասը մարտի դաշտ դարձնելու իր ծրագիրը:
Հիշեցնենք, որ հունվարին Փարիզում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան հայտնել էր, թե Ադրբեջանի իշխանությունները լրտեսության մեղադրանքով ձերբակալել են Ֆրանսիայի քաղաքացու: Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել էր ներքին գործերին միջամտելու Բաքվի մեղադրանքները այն բանից հետո, երբ Փարիզը պահանջել է ազատ արձակել ձերբակալվածին: