ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ԼՂ–ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ համար, անվտանգության համար։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Le Figaro պարբերականին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, Շահրամանյանը պատասխանել էր․ «Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները»:
«Հայտարարում են ինչ–որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին։ Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի, որ ՀՀ–ում կա մեկ կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա նշեց, որ այս ուղերձը պետք է շատ հստակ արձանագրվի և անհրաժեշտության դեպքում արվեն քայլեր և ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների չօգտագործեն ՀՀ անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու համար։
«Ես այսօր պատրաստ չեմ եզրակացություններ անել այդ թեմայով, սակայն ուզում եմ հստակ հայտարարել, որ բացի ՀՀ կառավարությունից, այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ։ Եթե որևէ մեկն իրեն ՀՀ–ում նույնականացնում է ՀՀ կառավարություն, դա ազգային անվտանգության խնդիր է։ Հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ մեր մարմիններն իրենց աշխատանքներում թերացել են։ Սա ուղղակի հայտարարություն չէ, որ հնչում է բարձրախոսից, սա արձանագրում է, որը պետք է արտահայտվի իրական կյանքում»,– ասաց ՀՀ վարչապետը։
Ըստ նրա` նրանք, որոնք այդ ուղերձներով հանդես են գալիս, իրենք այդ պատասխանատվությամբ հանդես գալու հնարավորությունը ունեցել են և տեսել ենք` ինչ են արել այդ հնարավորության հետ։
«Ասենք, ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, մի ցուցանակ կպցնի ու ասի` մենք այսինչ կառավարությունն ենք։ Պետության նկատմամբ նման գործողությունները հարգալիցի–անհարգալիցի գիծն անցնում են և չեն կարող անարձագանք մնալ ՀՀ կողմից»,– հայտարարեց Փաշինյանը։
Արցախի նախագահ Սամվել Շահրամյանը ֆրանսիական Le Figaro պարբերականին տված հարցազրույցում ասել էր, որ այն շենքում, որտեղ հյուրընկալել է լրագրողին Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ 2023 թ. հոկտեմբերին նա ստորագրել է հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում կամավոր հիմունքներով։