Նիկոլին չի հաջողվելու լռեցնել մեզ ու կործանել մեր հայրենիքը. Սաղաթելյանի բաց նամակը ՔԿ–ից

«Իմնեմնիմի» հաղորդման համահեղինակ և վարող Վազգեն Սաղաթելյանը հավաստիացրել է, որ ինքն ու իր գործընկերները չեն վախեցել, չեն կոտրվել ու անկախ ամեն ինչից՝ մնալու են կապի մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. «Յութուբով» հեռարձակվող «Իմնեմնիմի» հաղորդման համահեղինակ և վարող Վազգեն Սաղաթելյանը (ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանի եղբայրն է- խմբ.) իր ու Նարեկ Սամսոնյանի հեղինակային «Իմնեմնիմի» փոդքասթի հանդեպ կիրառված հոդվածը համարում է ծիծաղելի ու վստահեցնում, որ անգամ անազատության մեջ օգտագործելու է բոլոր հնարավորությունները, որպեսզի լսարանին ու հանրությանը հասցնի իր ասելիքը։ Այս մասին նա գրել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից գրված իր բաց նամակում։
Նշենք, որ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով` խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։ Դատարանի որոշմամբ` երկուսն էլ կալանավորվել են 2 ամիս ժամկետով։
«Իբր, փոդքասթի շրջանակներում Նիկոլին կոչելով իրեն արժանի բառերով՝ մենք մարդկանց անդորրը խանգարել ենք: Բիրտ, անհամաչափ ու անտեղի ուժով բերման ենթարկելու ու կալանավորելու էժան քայլեր, որոնք ի ցույց են դնում կառավարության գլխի բացահայտ վախերը։ Ճղճիմ փորձ` լռեցնելու մեզ, իզոլացնելու հանրային դաշտից»,– գրել է նա։
Նա հավաստիացրել է, որ ինքն ու իր գործընկերները չեն վախեցել, չեն կոտրվել ու անկախ ամեն ինչից՝ մնալու են կապի մեջ։
«Ավելին՝ մեր ընկերներն արդեն իսկ հոգ են տարել, որ «Իմնեմնիմին» չընդհատվի ու բնականոն շարունակի աշխատանքը։ Նիկոլին չի հաջողվելու լռեցնել մեզ ու չի հաջողվելու կործանել մեր հայրենիքը»,– գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 22--ի առավոտյան ոստիկանության աշխատակիցներն ավտոկայանատեղիում մի քանի հոգով թիկունքից հարձակվել ու անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ գետնին են տապալել AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, «Իմնեմնիմի» պոդկաստի համահեղինակ ու վարող Նարեկ Սամսոնյանին, ապա ձերբակալել նրան։ Այնուհետև իրավապահները գնացել են նաև Վազգեն Սաղաթելյանի տան մոտ և դատարանի որոշումը ներկայացնելուց հետո ձերբակալել նրան։