Չի աշխատի․ Օնիշչենկոն վստահ է՝ էլեկտրոնային դեղատոմսերը ՀՀ–ում պետք է աստիճանաբար ներդնել

Գենադի Օնիշչենկո
Ակադեմիկոսի խոսքով՝ էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը նորմալ կաշխատի միայն մեկ դեպքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Հայաստանի դեղատներում միայն էլեկտրոնային դեղատոմսերով դեղեր տրամադրելու համակարգի ներդրումը ճիշտ որոշում էր, բայց դա պետք էր անել աստիճանաբար։ Այս տեսակետը հայտնեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն «ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը» թեմայով Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամրջի ժամանակ (Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի հարթակի միացմամբ)։
Նրա խոսքով` իրականացման ձևը երբեմն ջուրն է գցում բոլոր առավելությունները:
Մարտի 1-ին Հայաստանում միայն էլեկտրոնային դեղատոմսով տրվող դեղերի ցանկին ավելացել է շուրջ 470 անուն։ Ցուցակում ներառված են հակաբիոտիկներ, հակասնկային և մի շարք այլ տեսակների դեղամիջոցներ:
«Ես հետևում եմ Հայաստանի առողջապահությանը, որովհետև ինձ շատ բան է կապում՝ և՛ Սպիտակի երկրաշարժը, և՛ Ղարաբաղը։ Հայաստանի առողջապահության նախարարներից շատերին անձամբ եմ ճանաչել։ Սկզբունքորեն դուք ճիշտ ուղի եք ընտրել՝ դեղերի գրեթե 80%-ը էլեկտրոնային դեղատոմսերով բաց թողնելու մասին ռազմավարական որոշում կայացնելով: Ո՞րն է սխալը: Մարտի 1-ից ներդնելը վոլյունտարիստական որոշում էր։ Դատելով հայաստանյան ԶԼՄ-ների հաղորդագրություններից՝ նախարարը «ասել է, և վերջ»։ Սյուները շուռ տալով գնում է։ Չի կարելի նման որոշումներ կայացնել։ Առաջին հերթին դրան պատրաստ չէ ավագ սերունդը»,-կարծում է Օնիշչենկոն։
Նա հիշեցրեց, որ նման խնդիր առաջացավ Մոսկվայում, երբ մի քանի տարի առաջ ներդրվեց բժշկի մոտ էլեկտրոնային գրանցումը։ Ակադեմիկոսի խոսքով՝ այն ժամանակ տարեց մոսկվացիները բախվեցին էլեկտրոնային տեխնիկայի տիրապետման որոշ դժվարությունների` ի տարբերություն երիտասարդների, որոնց համար համակարգչից օգտվելը նույնքան սովորական է, որքան տարեցների համար գրիչ օգտագործելը։
Այս շաբաթ առանց խնդիրների է արդեն գործում. Ավանեսյանը` էլեկտրոնային դեղատոմսերի մասին
Օնիշչենկոն հավելեց, որ բացի բուժառուների՝ համակարգչային գրագիտությանը տիրապետելուց, անհրաժեշտ են նաև կայուն աշխատող ծրագրեր, որոնք ամենաանհարմար պահին չեն խափանվի:
«Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը պետք է ներդնել, դրանից ոչ մի տեղ չես փախչի, դա հատկապես վերաբերում է արտոնություններով դեղամիջոցներին։ Ճիշտ է, որ համակարգը ներդրվում է առաջին հերթին հակաբիոտիկների, հակավիրուսային դեղամիջոցների նկատմամբ, որոնք հաճախ խմում են, որովհետև ինչ-որ մեկը խորհուրդ է տվել, իսկ հետո օրգանիզմի դիմադրություն է առաջանում: Սակայն դա պետք է անել աստիճանաբար»,-վստահ է նա։
Ակադեմիկոսը հատկապես կարևոր է համարում այս համակարգի հասանելիության ապահովումը ամբողջ հանրապետությունում, ոչ միայն Երևանում: Մասնավորապես դեղեր ստանալու դժվարություններ կարող են առաջանալ հեռավոր գյուղերում, որտեղ համակարգչային տեխնիկա ձեռք բերելու և անխափան ինտերնետ կապ ապահովելու հնարավորությունները սահմանափակ են: