ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի Հանրապետության իշխանությանը պարտադրում է սահմանազատման սեփական քարտեզները։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Իմ տեղեկություններով, Ալիևը Հայաստանին 33 հատ քարտեզ է «դեմ տվել», սահմանի տարբեր հատվածներին առնչվող։ Յուրաքանչյուր հատվածում Ալիևը կամայականորեն սահման է գծել և Հայաստանից պահանջում է ընդունել դրանք, հակառակ դեպքում սպառնում է պատերազմ սկսել»,- ասաց փորձագետը։
ՀՀ ղեկավարությունն էլ իր հերթին տրվել է այդ սպառնալիքներին և զբաղված է սեփական հանրությանը ահաբեկելով` համոզելով համաձայնել տարածքները հանձնելուն, մասնավորապես Տավուշում։ Սուրենյանցի խոսքով՝ Հայաստանում որևէ մեկը դեմ չէ խաղաղությանը և դեմ չէ նաև բալանսավորված սահմանազատմանը և սահմանագծմանը։
«Եթե խոսքը բալանսավորված դելիմիտացիայի մասին լիներ, ապա ակնհայտ է, որ հանրությունը պատրաստ կլիներ որոշ զիջումների։ Միայն դելիմիտացիայի սկզբունքները համաձայնեցնելու ճանապարհով կարելի է հասնել խաղաղության։ Ներկայիս իրավիճակում մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որ Ադրբեջանը որևէ քարտեզ չի ընդունում, ու անհասկանալի է, թե ինչ է ստանալու Հայաստանը` Տավուշում տարածքներ զիջելով։ ՀՀ իշխանությունները խախտում են սեփական «կարմիր գծերը»»,- նշեց նա։
Սահմանազատման գործընթացը Տավուշից սկսելը քաղաքագետը վտանգավոր որոշում համարեց, քանի որ այնտեղ Հայաստանը տարիներ շարունակ հզոր պաշտպանական ամրություններ է կառուցել։ Տավուշում ամենապաշտպանված սահմաններն են և, ակնհայտ է, որ տարածքային զիջումները կարող են թուլացնել այդ պաշտպանությունը։ Հաշվի առնելով, որ տարածաշրջանով անցնում են այնպիսի կարևորագույն ենթակառուցվածքներ, ինչպիսիք են դեպի Վրաստան տանող ճանապարհը և գազատարը, ապա Բաքվին տարածքների հանձնումը վտանգի տակ կդնի այդ ամենը։
Հիշեցնենք, որ մարտի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյն ասել էր, որ չի բացառվում՝ դելիմիտացիայի գործընթացը կսկսվի Տավուշի մարզից։ Նա նաև 4 գյուղ էր մատնանշել, որոնք խնդրահարույց են համարվում։
Տավուշում ժողովրդի հետ խոսելուց հետո էլ ընդգծել էր՝ ժողովրդին չեն վախեցնում, ճշմարտությունն են ասում։