ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Բոլոր այն մարդիկ, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են եղել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ կապված դեպքին, չեն աշխատում համակարգում։ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2023 թ. օգոստոսի 1–ին ԱԱԾ մեկուսարանից ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին տեղափոխման ճանապարհին Տոնոյանը խնդրել է ուղեկցողներին, որ թույլ տան կարճ ժամանակով տեսակցել մորը: ՔԿ ծառայության պետը Դավիթ Տոնոյանին թույլատրել է տեսակցել մորը, ինչից հետո ազատվել է աշխատանքից։
«Դավիթ Տոնոյանի հետ կապվածը առեղծվածային պատմություն էր, որի պատճառով բազմաթիվ ազատումներ եղան համակարգում։ Այս պատմության մեջ ականատեսը եղանք բազմաթիվ տարօրինակությունների, քանի որ ինչ-որ մի բան այն չէր։ Դրա արդյունքում եղավ ծառայողական քննություն, եղան կարգապահական տույժեր և եղան հեռացումներ»,- հայտարարեց նախարարը։
Հիշեցնենք, որ 2023–ի օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սերգեյ Ատոմյանն ազատվեց Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2021 թվականի սեպտեմբերի 15–ից։ «Ժողովուրդը» հետո գրեց, որ Ատոմյանի հեռացումն առաջին հերթին կապված է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ։