ՌԴ–ի դեպքից հետո ԱՄՆ-ն Ֆրանսիայում իր քաղաքացիներին զգուշացրել է ահաբեկչական վտանգի մասին

Հարձակումները կարող են տեղի ունենալ առանց նախազգուշացման կամ նվազագույն նախազգուշացումով և ուղղված լինել զբոսաշրջային վայրերին, խոշոր սպորտային և մշակութային միջոցառումներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Մոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության ֆոնին Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացնում է այդ երկրում ահաբեկչական գործողությունների մեծ սպառնալիքի մասին: Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է դեսպանատան կայքում:
«Ֆրանսիայի իշխանություններն ակտիվորեն հետևում են կազմակերպված խմբերի և արմատական տրամադրված անձանց կողմից ահաբեկչական սպառնալիքներին»,-ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հարձակումները կարող են տեղի ունենալ առանց նախազգուշացման կամ նվազագույն նախազգուշացումով և թիրախավորել զբոսաշրջային օբյեկտները, խոշոր սպորտային և մշակութային միջոցառումները, ինչպես նաև այլ հասարակական վայրերը, որտեղ մեծ թվով քաղաքացիական անձինք են լինում։
Քաղաքացիներին կոչ է արվում զգույշ լինել հատկապես խիտ բնակեցված և հայտնի զբոսաշրջային վայրերում:
Իշխանություններն արդեն հայտարարել են, որ ազգային անվտանգության Vigipirate նախազգուշացման մակարդակը հասցրել են ամենաբարձրին, ուստի երկրի բնակիչներն ու հյուրերը կարող են անվտանգության բարձրացման միջոցառումներ տեսնել:
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով 139 մարդ է մահացել (այդ թվում՝ 3 երեխա)։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրանք, ինչպես նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող Իսրայել, Դիլովար և Ամինչոն Իսլոմովները կալանավորվել են մինչև մայիսի 22-ը։