ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Շուրջ մեկուկես տասնյակ ռուսաստանյան սննդամթերք արտադրողներ ներկայացրել են իրենց արտադրանքը Երևանում:
Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունից ի վեր Ռուսաստանը հանրապետության համար շարունակում է մնալ ցորենի, արևածաղկի ձեթի, մարգարինի, խտացրած կաթի հիմնական մատակարարը: Ընդլայնվում է ռուսական հրուշակեղենի և շոկոլադի գործարանների ներկայությունը (2022 թվականին դրանց մասնաբաժինը այդ ապրանքների հայկական ներմուծման մեջ գերազանցել է կեսը), ինչպես նաև ՌԴ ընկերությունների ներկայացվածությունը մսի և ձկան պահածոների շուկայում։
Երևանում ներկայացվել է ՌԴ-ի սննդամթերքը
© Sputnik / Aram Nersesyan
Այսօրվա բիզնես առաքելության կազմում (որը երկու օր Հայաստանում կմնա) հավաքվել են ինչպես վաղուց Հայաստանում աշխատող արտադրողները («Չերկիզովո» կամ Սոչիի մսի կոմբինատ), այնպես էլ նորերը։ Դրանց թվում կան նաև սպեցիֆիկ ապրանքների արտադրողներ (օրինակ՝ առանց լակտոզայի պաղպաղակ կամ սպիտակուցային կոնֆետներ): Այդ ընկերությունների ներկայացուցիչների խոսքով՝ թեև հայկական շուկան փոքր է (առավել ևս նման հատուկ ապրանքների համար), այդ ոլորտիմատակարարներն այնքան էլ շատ չեն, իսկ նման ապրանքների պահանջարկը մեծանում է, առավել ևս, որ դրանց տեղական արտադրությունը շատ սահմանափակ է):
Երևանում ներկայացվել է ՌԴ-ի սննդամթերքը
© Sputnik / Aram Nersesyan
Հայաստանում, ցավոք, զարգացած չէ նաև կենդանական ծագման կերերի (այդ թվում՝ մսոսկրային ալյուրի) արտադրությունը։ Արտասահմանյան շատ արտադրողներ (այդ թվում՝ ռուսական) վաղուց են հիմնել դրանց առանց թափոնների արտադրությունը, որտեղ օգտագործում են իրենց թռչնաֆաբրիկաներից և անասնապահական ֆերմաներից ստացված հումքը, իսկ ահա հայկական թռչնաֆաբրիկաները երկար տարիների աշխատանքի ընթացքում այդպես էլ չեն յուրացրել նման արտադրությունները՝ նախընտրելով ապավինել ներմուծմանը։ «Չերկիզովո» կոմբինատն այս անգամ ներկայացրել է նաև այդ ենթամթերքները անասնաբուծության համար։
Այլ ընկերություններ նույնպես առաջարկում են համագործակցություն հաստատել տեղական արտադրողների հետ։
«Հայաստանն արտահանման մեծ ներուժ ունի, և Ուդմուրտիան կարող է դառնալ ձեր երկրի գործընկերը ձավարեղենի վերաարտահանման համար», - Sputnik Արմենիային ասաց «Ուդմուրտիայի ձավարեղեն» ՍՊԸ-ի արտաքին տնտեսական կապերի բաժնի ղեկավար Լև Պոկրովսկին։
Նախկինում ընկերությունը հացահատիկային ապրանք է արտահանել (իսկ որոշ դեպքերում շարունակում է արտահանել) Թուրքիա, ինչպես նաև Լեհաստան և Գերմանիա (այսինքն՝ մոտավորապես նույն հեռավորությունների վրա կամ նույնիսկ ավելի հեռու, քան Հայաստան):
ՌԴ բիզնես առաքելությունը Հայաստանում է
© Sputnik / Aram Nersesyan
«Մենք պատրաստ ենք աշխատել նաև ձավարեղենի հայաստանյան փաթեթավորողների հետ, որոնք այն թողարկում են իրենց ապրանքանիշերով։ Նման փորձ նույնպես ունենք, մենք աշխատում ենք «Պյատյորոչկայի», «Մագնիսի» և ռուսական այլ ցանցերի հետ», - ավելացրել է ընկերության տնօրեն Իվան Մերզլյակովը։
Նշենք, որ հայկական և ռուսական բիզնեսի միջև հաշվարկներն էապես չեն փոխվել նույնիսկ այն բանից հետո, երբ հայաստանյան գրեթե բոլոր բանկերը ստիպված արգելափակեցին հաշվարկները ռուսական «Միր» քարտերով։ Սահմանափակումները վերաբերում են միայն քարտային հաշիվներին. հաշվից հաշիվ փոխանցումները , որոնք էական են բիզնես գործարքների համար, կատարվում են ինչպես նախկինում: