ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik․ Այսօր ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ընդունել է Սոչիում կայացած Համաշխարհային երիտասարդական փառատոնի հայ մասնակիցներին և զրուցել հայ–ռուսական հարաբերությունների մասին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսական տունը։
Նշենք, որ այս տարի մարտին Համաշխարհային երիտասարդական փառատոնին մասնակցած հայկական պատվիրակությունը բաղկացած էր 230 երիտասարդից։ Հիմնական ծրագրից հետո երիտասարդներից շատերն ավելի քան երեք շաբաթ անցկացրել են Ռուսաստանում և այցելել մի շարք քաղաքներ։
Հանդիպման սկզբում մասնակիցները հարգել են Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը։ Նրանք ծաղիկներ են դրել դեսպանատան մոտ։
Հանդիպման սկզբում երիտասարդները հարգել են Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը
© Photo : Русский дом в Армении
Հանդիպման ընթացքում Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ այսօր առավել քան երբևէ երիտասարդների հետ շփումը կարևոր է հասարակության տրամադրությունն ու սպասելիքները հասկանալու համար։ Նա ընդգծել է, որ դա իր հերթին կնպաստի փոխգործակցության շարունակականությանը և արդյունավետ զարգացմանը։
«Այն, որ դուք այսօր եկել եք ՌԴ դեսպանատուն, ինձ համար նշան է, որ այստեղ են հավաքվել մարդիկ, ովքեր անտարբեր չեն ռուս-հայկական հարաբերությունների նկատմամբ»,- ասել է դեսպանը։
Սերգեյ Կոպիրկինն ընդունել է Սոչիի Համաշխարհային երիտասարդական փառատոնի հայ մասնակիցներին
© Photo : Русский дом в Армении
Երիտասարդներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և նշել, որ այս փառատոնը համախմբել է ավելի քան 20 հազար երիտասարդների ամբողջ աշխարհից։
Բացի հիմնական օրակարգից, հանդիպման մասնակիցները քննարկել են ռուս-հայկական համագործակցության առանցքային կետերը։
Հանդիպման վերջում երիտասարդները ծանոթացել են նաև Ռոսսոտրուդնիչեստվոյի կողմից իրականացվող «Նոր Սերունդ» 2024 ծրագրին։