ՀՀ ՆԳՆ–ն որոշել է կատարելագործել իր ծառայողների վարքագծի կանոնները

Բողոքի ակցիա. արխիվային լուսանկար
Նախագծերի փաթեթով առաջարկվում է կանոնակարգել կարգապահական խախտումների համար ծառայողներին պատասխանատվության ենթարկելու կարգը՝ նախատեսելով խախտման հստակ չափանիշներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունն ուզում է կատարելագործել ոստիկանների ու փրկարարների էթիկայի և վարքագծի կանոնների պահպանման ընթացակարգերը։ Գերատեսչությունը շրջանառության մեջ է դրել «Ոստիկանության կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով կսահմանվեն ծառայողների կարգապահության չափանիշները և կարգապահական պատասխանատվության կարգավորումները։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարարությունն առաջիկայում կանցկացնի նաև նախագծերի փաթեթի հանրային քննարկմանը նվիրված միջոցառում:
Շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք նախագծերի փաթեթի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները կարող են թողնել e-draft.am կայքում:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է ոստիկանության և փրկարար ծառայության կարգապահական կանոնագրքերում հստակ սահմանել ծառայողների վարքագծի, գործողությունների վերաբերյալ ակնկալիքները, կանոնակարգել կարգապահական խախտումների համար ծառայողներին պատասխանատվության ենթարկելու կարգը՝ նախատեսելով խախտման հստակ չափանիշներ, կատարելագործել տույժերի և խրախուսանքների կիրառման համակարգը, սահմանել էթիկայի հանձնաժողովի ձևավորման և գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև ծառայողական քննության անցկացման ճկուն ընթացակարգ սահմանել։
Առաջարկվում է ոստիկանությունում և փրկարար ծառայությունում ընդլայնել ղեկավար անձանց շրջանակը, որոնք կկիրառեն համապատասխան խրախուսանքի և կարգապահական տույժի տեսակները։