Դատապարտում ենք «Կրոկուսում» տեղի ունեցած ցինիկ ահաբեկչությունը. ՀԱՊԿ ԽՎ խորհուրդ

Ահաբեկչությունից հետո «Կրոկուս Սիթի Հոլ»–ի տարածքում
ՀԱՊԿ ԽՎ-ն պատրաստ է ակտիվորեն պայքարել ահաբեկչական և ծայրահեղական գաղափարախոսության տարածման դեմ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը դատապարտում է «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած դաժան և ցինիկ ահաբեկչական հարձակումը:
«Մենք՝ կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներս, խստորեն դատապարտում ենք դաժան և ցինիկ ահաբեկչական հարձակման գործողությունը, որը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի մարզում և բազմաթիվ զոհերի է հանգեցրել խաղաղ քաղաքացիների շրջանում»,-ասված է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կառույցի կայքում:
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովն ընդգծել է, որ պատրաստ է ակտիվորեն պայքարել ահաբեկչական և ծայրահեղական գաղափարախոսության տարածման դեմ և հակազդել ահաբեկչական կազմակերպությունների շարքեր հավաքագրմանը:
«Հաստատակամորեն աջակցում ենք ազգային անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության պետական մարմինների և հասարակության աշխատանքին»,-նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով 139 մարդ է մահացել (այդ թվում՝ 3 երեխա)։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրանք, ինչպես նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող Իսրայել, Դիլովար և Ամինչոն Իսլոմովները կալանավորվել են մինչև մայիսի 22-ը։