«Արմավիր» ՔԿՀ-ն շուտով նոր սկաներներ կունենա. նախարարը` թմրանյութերի ներթափանցման մասին

«Արամվիր» ՔԿՀ
ՀՀ արդարադատության նախարարի խոսքով` ստեղծվելու է մի համակարգ, որի արդյունքում որևէ մարդ չի կարողանա առանց սկանավորման մտնել «Արմավիր» ՔԿՀ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Առաջիկա մեկ-երկու ամսում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նոր սկաներներ կտեղադրվեն, որոնց միջոցով հնարավոր կլինի հայտնաբերել թմրանյութերը և կանխել դրանց մուտքը ՔԿՀ։ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Ինչպե՞ս են թմրանյութերը ներթափանցում ՔԿՀ-ներ։ Ճիշտ է` սկաներներ դրվել են, սակայն միայն հանձնուքների հատվածում, բայց թե՛ ծառայողները, թե՛ ճաշատեսակները, որոնք տեղում չեն պատրաստվում, այլ դրսից են գնվում, ՔԿՀ են մտնում առանց սկանավորման»,- ասաց նախարարը։
900 անձ չի հայտնվել բանտում, քանի որ դատարանն արդեն տնային կալանք է կիրառում. Մինասյան
Նա նշեց, որ այս խնդրի լուծման համար ՀՀ վարչապետի կողմից արդեն ունեն հանձնարարություն և ընդունել են չինական համապատասխան ստանդարտացված ընկերության գնառաջարկը, որի արդյունքում առաջիկա մեկ-երկու ամսում տեղի կունենա նոր սկաներների գնում։
«Արմավիր» ՔԿՀ-ում՝ այդ խաչմերուկային տեղում, ստեղծվելու է մի համակարգ և՛ ուտելիքի, և՛ հանձնուքի, և՛ ծառայողների համար, որի արդյունքում գոնե «Արմավիր» ՔԿՀ որևէ մարդ չի կարողանա մտնել առանց այդ սկանավորման։ Այսօր այդ համակարգը չունենք, դրա համար դժվար է իդենտիֆիկացնել, որ թմրանյութը վատ, անպարկեշտ ու կոռումպացված ծառայողի միջոցով է մտել կամ ուտելիքի կամ հանձնուքի միջոցով կամ այլ եղանակով, օրինակ՝ դրոնով էլ են այսօր կարողանում թմրանյութ մտցնել ՔԿՀ»,- հայտարարեց Մինասյանը։
Ըստ նրա՝ այդ պատճառով հարցը փորձել են լուծել թվայնացման միջոցով։
Իմ ու ձեր շահն այն է, որ ես ճիշտ դուրս գամ. բանավեճ Մինասյանի ու Քոչարյանի միջև