ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերն է պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել տեղի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա առանցքային հարցերն ու դրանց վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ գործընթացում կայուն առաջընթաց գրանցելու համար երկուստեք հանձնառության ցուցաբերումը պետք է լինի օրվա հրամայականը:
«Հայաստանն ունի նման հանձնառություն, սակայն Ադրբեջանի գործելաոճը չի վկայում համարժեք փոխադարձության առկայության մասին: Մենք շարունակում ենք բանակցություններն առանցքային հարցերում փոխհամաձայնության հասնելու նպատակով, և այս ճանապարհին կարևոր են նաև մեր միջազգային գործընկերների հստակ դիրքորոշումները, սատարումը առանցքային սկզբունքներին»,- նշել է նախարարը:
Արարատ Միրզոյանը մանրամասն ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: Նա շեշտել է ՀՀ միանշանակ հետաքրքրվածությունը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում և այդ գործընթացի հիմքում դրվելիք չորս հիմնարար սկզբունքները:
Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը
© Photo : press office of MFA of RA
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Արգենտինայի միջև երկկողմ հարաբերություններին, ընդգծվել է առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համարժեք տնտեսական կապեր զարգացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում նախարարը ներկայացրել է իր արգենտինացի գործընկերոջ հետ նախօրեին կայացած քննարկումները՝ տեղեկացնելով փոխադարձ այցի հրավերի մասին:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին և 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով Արգենտինայի Հանրապետությունում է։ Դրանից առաջ` մարտի 21-22-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով Ուրուգվայում էր, որտեղ մասնակցել է ՀՀ դեսպանատան բացման արարողությանը։