ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Վրաստանի հետ համագործակցության շարունակական խորացումն ու ընդլայնումն էական կարևորություն ունի ոչ միայն մեր երկրների երկկողմ հարաբերությունների, այլ նաև տարածաշրջանում փոխշահավետ համագործակցություն ապահովելու տեսակետից։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ այսօր կատարած առաջին պաշտոնական այցի ժամանակ Վրաստանի վարչապետի հետ քննարկել են դեռ հունվարին ստորագրված համատեղ հռչակագրի գործնական իրագործման հնարավոր ու անհրաժեշտ քայլերը։
«Հռչակագրում հիմնական առանցք է միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ ճանաչումը, և այսօր մենք քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով Վրաստանի` Եվրամիության անդամության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուն, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը ոգևորությամբ է արձագանքում այդ լուրին ու այն համարում է կարևոր իրադարձություն, որն անմիջական ազդեցություն է ունենալու ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև Հայաստան– Վրաստան երկկողմ հարաբերություններ վրա։
«ՀՀ–ն սատարել ու սատարում է ԵՄ–ին անդամագրվելու` Վրաստանի ձգտումներին»,– ասաց նա։
ՀՀ վարչապետը Իրակլի Կոբախիձեին ներկայացրել է նաև տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ ՀՀ ընկալումներն ու ՀՀ–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման զարգացումներն ու ընթացիկ վիճակը։
Հիշեցնենք` Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հայաստան է ժամանել պաշտոնական այցով։