Երևանում առաջին անգամ բացվել է Դոնբասին նվիրված վավերագրական լուսանկարների ցուցահանդես

Դենիս Գրիգորյուկի ցուցահանդեսն անցկացվում է Սլավոնական համալսարանի շենքում, այն կտևի մեկ շաբաթ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հայ-ռուսական համալսարանում բացվել է «Դոնբասը ականատեսի օբյեկտիվում» լուսանկարների ցուցահանդեսը: Առաջին անգամ Երևանի հանդիսատեսին է ներկայացվել Դոնեցկից հայտնի լուսանկարիչ Դենիս Գրիգորյուկի 70 աշխատանք: Այս մասին հայտնում է Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունը։
«Այս ցուցահանդեսն արժեքավոր է նրանով, որ նկարել է ոչ թե մոսկվացի, դրսից եկած լուսանկարիչ, այլ սովորական ընտանիքից մի ուկրաինացի տղա, որը ցանկանում էր ուսուցիչ դառնալ, բայց ստիպված էր տեսախցիկ վերցնել»,-ցուցահանդեսի բացման ժամանակ ասել է Երևանում Ռուսական տան տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը։
Լուսանկարները հիմնականում սև ու սպիտակ են՝ ընդգծելու համար պատերազմի ողբերգությունը։ Ցուցահանդեսի մեխը Դոնբասի բնակիչների ճակատագրերն են։ Լուսանկարներում կարելի է տեսնել, թե ինչպես է հայրը հրաժեշտ տալիս ավտոբուսով մեկնող դստերը, նրանց ափերը հպվում են ապակու միջով։ Կամ, թե ինչպես է նկուղի աստիճաններին նստած տղան կերակրում հյուծված կատուներին ու շներին։
Դոնբասին նվիրված վավերագրական լուսանկարների ցուցահանդես Երևանում Մոսկվայի տանը
«Ահաբեկչական հարձակումները մեզ մոտիկից են ծանոթ։ Մենք գիտենք այդ ցավը։ Իմ ցուցահանդեսը նվիրված է պատերազմից տուժած մարդկանց՝ երեխաներին, կանանց, ծերերին․․․ նրանց բոլորին աննախանձելի հանգամանքներում եմ հանդիպել։ Ես լավ հասկանում եմ, որ Հայաստանում նույնպես գիտեն, թե ինչ է պատերազմը։ Նայեք նրանց աչքերին, ովքեր մինչ օրս «ժողովրդավարական աշխարհի» հարվածի տակ են»,-ասել է ցուցահանդեսի հեղինակ Գրիգորյուկը հանդիսատեսին ուղղված իր տեսաուղերձում, որում նաև ցավակցություն է հայտնել Կրասնոգորսկում ահաբեկչության հետևանքով տուժածներին:
Դոնբասին նվիրված վավերագրական լուսանկարների ցուցահանդես Երևանում Մոսկվայի տանը
Ցուցահանդեսի բացմանը համալսարանում հավաքվել էին դիվանագետներ, հասարակական և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ: Նրանք մեկ րոպե լռությամբ հարգեցին «Կրոկուս Սիթի Հոլ»–ում զոհվածների հիշատակը։
Ցուցահանդեսը կտևի ևս մեկ շաբաթ: