Դատարանը մերժեց․ Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվում

Արմեն Աշոտյան
Պաշտպանները գործի վարույթը կարճելու միջնորդություն էին ներկայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik․ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվում։ Հակակոռուպցիոն դատարանը հրապարակեց որոշումը։ Դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մերժեց Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև գործի վարույթը կարճելու միջնորդությունը, որը ներկայացրել էին պաշտպանները։
Ավելի վաղ դատարանը թույլ չէր տվել Աշոտյանին մարտի 6–ին մեկնել Բուխարեստ` մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովին։
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը կալանավորվեց հունիսի 16–ին։ Սեպտեմբերի 28–ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց վերաքննիչ բողոքները և նրան թողեց կալանքի տակ։
Նոյեմբերի 16-ին նույն դատավորի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը մերժվեց, և նրա նկատմամբ կիրառված կալանքը մնաց անփոփոխ։
Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: